Սահմանապահ Բերքաբեր գյուղը․ Մաս 2

Գյուղում քայլում ենք։ Գյուղի անունը տեղին է Բերքաբեր դրվել, ամեն կողմում ծանր բերքից կախված ծառեր են։ Արդեն սովորել ենք, որ էն կողմից ադրբեջանցի զինվորներն են մեզ նայում, թեև լարվածությունը լրիվ չի անցել։ Գնում ենք դպրոց։

Նոր է վերանորոգվել, դեռ տեղ-տեղ աշխատանքն էլ ավարտված չէ։ Նոր համակարգիչներ են ստացել 7-8 հատ, ցանցին են միացած, նորոգվել է նաև մարզադահլիճը։ Գյուղում 37 աշակերտ կա, դասերը անում են միացած դասարաններով։ Սովորում են ֆրանսերեն։ Հայրենագիտություն առարկա էլ ունեն (ի դեպ, գյուղում փոքրիկ հայրենագիտական թանգարան էլ կա)։


Collapse )

Սահմանապահ Բերքաբեր գյուղը․ Մաս 1

Նայեցինք մեքենայից դուրս՝ Գավազան սարը։ Հոկտեմբերի 17-ն էր, գնում էինք Բերքաբեր։ Դուրս թռա մեքենայից, դիրքերից մի քանի հարյուր մետր ենք հեռու, բարձունքից նայում ենք։ Բերքաբերի ջրամբարը, մեր դիրքերը, ադրբեջանական դիրքերը, խրամատներ, Գավազան լեռը, Բերքաբեր գյուղը՝ ինչպես ափիս մեջ։ Ջրամբարի մի ափին Բերքաբերը, մյուս ափին ադրբեջանական Մազամ գյուղն է, քիչ այնկողմ էլ այրում ցեղի գյուղերից մեկն է։ Նայում ենք ադրբեջանական կողմում նոր փռված ասֆալտի գույնն էլ է երևում, մեքենաներ ենք տեսնում։ Ներքին լարվածություն կա՝ ադրբեջանցիների դիրքերից նշանառու հեռավորության վրա ենք։
— Եկե՛ք, այստեղից դեռ ի՞նչ է, գյուղում կտեսնեք՝ մոտիկը որն է։


Collapse )

Սահմանապահ Ներքին Կարմիրաղբյուր գյուղը․ մաս 3

Առավոտյան հանդիպեցինք դպրոցականների հետ․ ոգևորված էին։ Տնային առաջադրանքներ էինք տվել, ամեն մեկն իր տատի, պապի վրա պիտի «փորձեր» բանահավաքություն անել։ Արել էին, պատմում էին, ուրախ էին, ստացվել էր։ Մեկի տատը պատմել էր գյուղի հին օրերի մասին, մյուսի պապը երգել էր։ Երգող պապիկին որոշեցինք բոլորով այցելել ու ձայնագրել նրա երգը։

Վալոդ պապին միանգամից չհամոզվեց, մոտ կես ժամ խոսեցինք, պատմեց գյուղի մասին, ավանդույթների, տոների մասին, իր նշանադրության մասին։ Մայրն ասել էր՝ ում պիտի ուզի, ինքն էլ հո չէր կարող մորը չլսել։ Հարսի մասին էլ չեմ ասում։ Մի քիչ ուշ պարզեցինք, որ Վալոդ պապին տիկնոջից է ամաչում, դրա համար չի երգում։ Տիկինը գնաց դուրս, միայն թե Վալոդ պապին համոզվեր ու երգեր մեզ համար։
«Թամամ աշխարհ պտուտ եկա՜վ․․․․․»։ էն ոնց երգեց, էն ոնց երգեց, երանի լսողներին։ Աղջիկների համար էլ արտասանեց․ «․․․ վուր մե կրակին դիմանամ․․․»։

Վալոդ պապիի կինը ժամանակը չէր վատնել, սեղան էր դրել։ Սեղան նստելուց կարողացանք խուսափել միայն այն բանի շնորհիվ, որ պիտի շուտ հասնեինք եկեղեցին մաքրելու։ Մեծերն օրհնեցին, շնորհակալություն հայտնեցին ու ճանապարհեցին։ Եկեղեցու խաչմերուկի մոտ տեսանք դեպի մեզ եկող դպրոցականների ու զորակնականների մոտ երեսուն հոգանոց ոգևորված խումբը։ Հասանք։ Մեկ ժամ տևեց աշխատանքը։ Բայց դժվար կլինի մոռանալը, երբ փշերի տակ հայտնաբերեցինք թաքնված խաչքարեր, որ մինչ այդ չէին երևում։

Մեր աշակերտներին վերջին ցուցումներ տվեցինք, շնորհակալություն հայտնեցինք ու ինքներս մեզնից գոհ ուզում էինք վերադառնալ տուն։ Չկպավ․ Նարեկի հորեղբայրը մեզ բաց չէր թողնի առանց իր տուն հրավիրելու։ Տնական թթի օղի՝ լրակազմով ու սրտանց զրույց։ «Կարևորը մարդկությունն է,մարդիկ ընտանիք կազմեն, գյուղում ապրեն, թե չէ թուրքը երկրորդական խնդիր է։ Խաղող ունենք հայկական ու ադրբեջանական դիրքերի միջև, չենք վախենում, կգնանք, կմշակենք, բայց դե ընտանիքը ու՞մ հույսին թողնենք»։ Սահմանապահ գյուղացու հումորը ուրիշ է․ մահվան վտանգի տակը խնդում է մահվան վրա։ Ասում է՝ դեռ էն թվերն էին․ թուրքերը եկել, կանգնել էին բլրի գագաթին ու ընկերոջս հասցեին վատ խոսքեր ասել։ Զենքի փոխարեն ցախավելը վերցրի, որ թեթև լինի, ու վազեցի դեպի բլուրը․ փախան, վախկոտ ազգ է թուրքը։

Հրաժեշտ տվինք, բայց հուսով ենք, որ շուտով կլինենք գյուղում, որ շուտով կլինենք գյուղում ու կլսենք Նարեկի հորեղբորը։ Մինչև մենք էս կողմ, էն կողմ, մեր աղջիկները զրահատեխնիկայի դաս էին տվել մեր վարորդին։ Հրաժեշտ տվինք ու դուրս եկանք գյուղից՝ խոստանալով առաջիկայում վերադառնալ։ Ճանապարհ․․․

Հ․Գ․ Առանձնակի մեծ շնորհակալություն Անի Մարգարյանին եկեղեցու աշխատանքները նկարներով հանդերձ իր բլոգում ներկայացնելու համար։

Սահմանապահ Ներքին Կարմիրաղբյուր գյուղը․ մաս 2

Ներքին Կարմիրում կյանք կար։ Գյուղը քնած չէր, մարդիկ գնում-գալիս էին։
Գնացինք գյուղի դպրոց ու հանդիպեցինք դպրոցի տնօրենի հետ։ Դպրոցի լուսամուտների մի մասը նայում էր ադրբեջանական դիրքերին ու մոտակա ադրբեջանական գյուղին։ Տնօրենը շատ էր հանդիպել դրսից եկած մարդկանց, որ գյուղի համար ինչ-որ բան էին արել։ Այնուամենայնիվ սկսեց դարդերից պատմել․ «Էս տարի քիչ հանգստացանք․ ամեն տարի գնում էի ծով, էս տարի ընդամենը 10 օր հանգստացա Ծաղկաձորում»։ Հա, մենք էլ էինք զարմացած։

Դպրոցում հավաքվել էին բարձր դասարանների աշակերտները։ Միասին նայեցինք Արցախյան պատերազմի մասին պատմող «Չկրակված փամփուշտներ» ֆիլմը ու քննարկեցինք։ Ապա կամավորներիցս ամեն մեկն իր խումբը ընտրեց ու նրանց հետ անցկացրեց բանահավաքության դաս։ Դուրս եկանք գործնական պարապմունքի ու ընտրեցինք առաջին հանդիպած տունը։ Խոսեցինք Զվարթ տատի հետ, որ գյուղի հարս էր։ Մեկ տարեկան թոռին գրկած՝ նա մեզ պատմեց գյուղի առօրյայի ու պատմության մասին, գյուղի եկեղեցու մասին։ Դուրս եկանք ու շարժվեցինք հենց եկեղեցու կողմ։ Աշակերտների հետ զրուցելով քայլում էինք, երբ փողոցում ընկած տեսա ծանոթ ժանգոտած իր։ ԴՇԿ-ի գնդակ էր, ճանապարհին ընկած էր ԴՇԿ-ի գնդակ։ Աշակերտներն ասացին, որ կարող եմ չվերցնել․ ուշադիր լինենք՝ մի բուռ նոր՝ չժանգոտածը կհավաքենք։

Խոսեցինք նաև Սարիգյուլ տատի հետ, որ գյուղի բնիկներից էր։ Սարիգյուլ տատը հիշեց հին օրերը, դպրոցում չէր սովորել, իրեն ուզելու ժամանակ մի հիլի (հայելի, ապակի) էին նվիրել ու հարս տարել։ Գնացինք եկեղեցի։ Եկեղեցին խոնարհված էր, տանիքը չկար։ Եկեղեցու շուրջը գերեզմանոց էր՝ 10-15-րդ դարերի գերեզմաններով (դա էր վկայում դեռ խորհրդային ժամանակներից մնացած ցուցանակը)։ Անի Մարգարյանը հաստատեց գերեզմանոցի ու եկեղեցու հին լինելը։ Շիրմաքարերին պահպանվել էին տապանագրերը, սակայն դրանք արդեն ծածկվում էին փշերով։ Եկեղեցու ներսում նույնպես խիտ փշեր էին աճել ու ծածկել խաչքարերը, տարածքը։ Վատ զգացինք ու որոշեցինք հաջորդ օրը ուղղել վիճակը։

Վերադարձանք ընկերոջս տուն, ուր մեզ սպասում էր ընթրիքը՝ տնական խաղողի օղիով ու դրա լրակազմով։ Որոշել էինք ընթրիքից հետո խարույկ անել, հավաքել աշակերտներին, պարել, երգել։ Բայց չէ․ մեր խարույկը կերևար ադրբեջանական դիրքերից, իսկ ադրբեջանցի զինվորի վրա երաշխիք չկա, կարող է ամեն պահի կրակել։ Թեև ամեն րոպե լսում էինք սահմանապահ գյուղ արտահայտությունը, բայց սա չէինք հասկացել, մեզ հուշեց ընկերոջս հայրը։ Խարույկի թեման անմիջապես փակվեց։

Երեկոյան հավաքվեցինք, քննարկեցինք կատարածը ու կատարելիքը, եկեղեցու մաքրումը հաստատվեց։

Սահմանապահ Ներքին Կարմիրաղբյուր գյուղը․ մաս 1

Օգոստոսի 24-25-ը Ներքին Կարմիրաղբյուրում էինք Զորակն գիտակրթական երիտասարդական հիմնադրամի նախաձեռնությամբ։ Նախապես ազգագրության ու բանահավաքության դասեր էինք անցել, որ տեղի երեխաներին սովորեցնեինք ու նրանք էլ հավաքեին գյուղի պատմությունները, զրույցները, ավանդույթները, երգերը, պարերը, այն ամենը, ինչ պետք կլինի հետագայում գյուղի հայրենագիտական կենտրոնի բացման համար։
Առավոտյան շարժվեցինք, թեթև դժվարություններ հաղթահարելով՝ քաղաքից դուրս էինք եկել ու ճանապարհը շարունակում էինք բնության մեջ։ Տավուշի մարզում մանավանդ հրաշալի բնություն էր, հրաշալի եղանակ։ Իջևանից էլ անցանք ու լրիվ մտանք բնության մեջ։ Բոլոր կողմերում անտառներ, ծառեր, բնություն, մաքուր օդ, ժայռեր ու քարեր, ճանապարհի ամբողջ երկայնքով մոշի թփեր էին ու երբեմն հանդիպող մոշ հավաքող կանայք։

Մոտենում էինք սահմանամերձ գոտուն։ Խաչմերուկի վրա վարորդը դանդաղեցրեց ընթացքը ու ցույց տվեց․․․ Ադրբեջանի հետ սահմանը։ Խաչմերուկի վրա տներ էին, որոնց պատուհաններից լվացք էր կախված, մարդիկ գնում-գալիս էին, իսկ 50մ այնկողմ դրված էր ինժեներական արգելափոկոց, դրանից ևս 100 մետր այնկողմ երկրորդ արգելափակոցն էր ու սահմանը։ Ուրախ, զվարթ տրամադրության վրա իջավ լուռ լրջություն․ այդ պահին էր, որ զգացինք, թե ինչ է սահմանը։ Արդեն ավելի ուշադիր էինք նայում կողքերս։ Այս ու այն բլրից այնկողմ թշնամին էր։ Վարորդը երբեմն ցույց էր տալիս բարձունքներ ու ասում՝ սա մեր դիրքն է, սա նրանցը։ Մի քիչ բարձր տեղերով անցնելիս պարզ տեսնում էինք ադրբեջանական գյուղերը, ադրբեջանական խրամատները։

Ճանապարհի վրա տեսանք ցուցանակ «Ականապատ տարածք», ու թեև ականապատ տեղ կար, բայց դեպի այդ կողմ խորացող ուղիներ էլ կային, որոնց թեքությունից պարզ էր, որ մեքենայով չես անցնի։ Պառավաքարի ջրամբարից անցանք ու խաչմերուկի վրա վարորդն ուրախ ձայնով հարցրեց՝ ստեղից ձ՞ախ։ Նայեցինք ձախ, իսկ ձախը տանում էր դեպի Ադրբեջան։ Մի քանի բարձունք հաղթահարելուց հետո հասանք Ներքին Կարմիրաղբյուր։ Բարձունքներից ու գյուղից ադրբեջանական գյուղն ու դիրքերը, խրամատները երևում էին ինչպես ափի մեջ։ Մեր լայն բացված աչքերին նայելով՝ ընկերս, որ Ներքին Կարմիրից է, պատասխանեց, որ մեզ համար դա մի տարօրինակ, անսովոր վիճակ է, իսկ իր մանկությունն ամբողջովին անցել է այդ անտառների մեջ, բլուրների վրա։ Իսկ ճանապարհներին էլի մոշի թփեր էին ու երբեմն հանդիպող մոշ հավաքող կանայք։